Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Խաղաղության աղերսը

Խաղաղության աղերսը
01.07.2026 | 12:04

ՈՒրեմն բանը հասել է նրան, որ Իսրայելի նման փոքրիկ, բայց և նույնքան աշխարհակալ երկիրը պետականորեն ճանաչել է Հայոց Գենոցիդը, իսկ մեր ոչ ու փուչ վարչապետը, որպեսզի իր ազգի դահիճ Թուրքիայի տրամադրությունն ավելի չգցի, չի համարձակվում գոնե մի դատարկ շնորհակալագիր հղի Իսրայել պետության իշխող ուժին։

Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել։

«Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք»...

Հասկացանք, պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում...

Մի՞թե, ամեն գնով։

Մարմնավաճառն էլ իրեն վաճառելով է փող աշխատում, հետո՞...

Թուրքը եկել դռանդ կանգնել` կնոջդ է ուզում, աղջկադ է ուզում, պատիվդ, նամուսդ է ուզում, վերջապես, երկիրդ է ուզում... Ի՞նչ է, դու էդ ամենը պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս։

Նման խաղաղությունը, ավաղ, իբրև միմիտ հայ, վայելել է նաև խեղճ լոռեցին։

Հայտնի է որ Մոտկոր աշխարհում Հովհաննես Թումանյանի Ռոստոմ անունով ախպերը օր ու արև չի տվել ջահել հարսներին։ Մի օր էլ Լորուտ գյուղում կիսամութ գլխատան մեջ Ռոստոմն իր սիրո պտուղներն էր քաղում, մեկ էլ, որտեղից որտեղ, բանից անտեղյակ էդ խեղճ ու կրակ կնգա մարդն ա ներս մտնում։ Ռոստոմը, որ քրտնամխած իր գործին էր, բեղի տակից անհանգիստ գռմռում է։ Խեղճ մարդը սարսափից գերեզմանի ցից քար է կտրում` մտքի մեջ անիծելով էն շեմը, որից անժամանակ մուտք գործեց։ Բայց և կարկամած բերանից կարողանում է արտաբերել.

֊Աղա, դու քու բանին կաց... Դու քու բանին կաց...

Հա՛յ ժողովուրդ, Աբովյանը կասեր, իմ սիրեկան ազգ... Դուք չեք մտածու՞մ, որ կամաց, կամաց նմանվում ենք խաղաղասեր մի կենդանու` ում համար կյանքն ամեն ինչ է, իսկ պատիվը, նամուսը, թասիբն ու արժանապատվությունը` ոչինչ։

Հիմա ի՞նչ անենք։

֊Ընդվզե՞նք, արժանապատիվ լինե՞նք, թե՞ թուրքն իր բանին կենա...

30.06.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ